Human Rights Self-Defense. Part 5 (in Armenian)

13.09.2017

Մեզ տեսահսկում են յուրաքանչյուր քայլափոխի՝ լինի դա հանրային, թե մասնավոր տարածք, համերգասրահ, թե սրճարան, ճանապարհի երթևեկելի գոտի ու տրանսպորտային կանգառ: Դժվար, թե հնարավոր լինի մայրաքաղաքում քայլել, ասենք, 20 մետր ու չտեսանկարահանվել առնվազն 2-3 ռակուրսից: Ստացվում է, որ անկախ մեր կամքից, մեր մասին հսկայական ինֆորմացիա է հավաքվում, որի նպատակի, որևէ տեղ օգտագործման հնարավորության, երրորդ կողմին տրամադրման մասին մենք որևէ պատկերացում չունենք: Մենք հաճախ տեղյակ էլ չենք, որ ապօրինի միջամտություն է կատարվում մեր անձնական կյանքին և չենք տիրապետում մեզ համար օրենքով նախատեսված պաշտպանական գործիքակազմին: Մինչդեռ, օրինակ, օրենքը յուրաքանչյուր քաղաքացու, որը տեսանկարահանվել է հանրային ու մասնավոր վայրերում տեղադրված տեսախցիկներով, իրավունք է տալիս ըստ պահանջի ստանալ իրեն վերաբերող տեսանյութը, հստակ տեղեկանալ տեսանկարահանման նպատակի ու տեսանյութի օգտագործման պայմաններին ու տալ կամ չտալ համաձայնություն: Ո՞վ եւ ի՞նչ նպատակով է տեսահսկում հանրային ու մասնավոր տարածքները, ի՞նչ սկզբունքներով եւ հիմքերով կարող է մշակել ու օգտագործել քաղաքացիների անձնական տվյալները, ո՞ր դեպքերում ինֆորմացիան կարող է հրապարակման ենթակա լինել և ե՞րբ է տեսանկարահանումը համարվում ապօրինի միջամտություն քաղաքացու անձնական կյանքին: Ամենի մասին մանրամասն՝ «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարի այս թողարկմանը:

-Թեման քննարկելու համար այսօր տաղավարում հյուրընկալել եմ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանին: Բարեւ Ձեզ:

- Բարեւ Ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար:

 - Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Սկսենք նրանից, թե արդյոք ապօրինի՞ է, ինչպես հաճախ ասում են, ամեն  քայլափոխին մեզ տեսանկարահանելը, կամ ո՞ր դեպքերում է ապօրինի:

 -  Եթե խոսում ենք տեսահսկման մասին, ապա միանշանակ գործ ունենք անձնական տվյալներ մշակելու հետ, որովհետեւ մարդու պատկերը, տեսապատկերը անձնական տվյալ է: Այս դեպքում կիրառելի է «Անձնական տվյալների  պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որն էլ հենց սահմանել է այն բոլոր հիմքերը, երբ կարող է անձնական տվյալներ մշակելը, այս թվում՝ տեսապատկերը հավաքելը, ամրագրելը, իրականացնելը կամ ստանալը, մենք տեսապատկերի եւ ձայնի մասին կարող ենք խոսել ընդհանուր որպես տեսահսկում տերմինն օգտագործենք, դա իր մեջ թող ներառի ե՜ւ տեսահսկումը, ե՜ւ ձայնագրումը: Օրենքը սահմանում է հիմքերը:  Անձնական տվյալի մշակումը օրինական համարելու երեք հիմք կա: Դրանցից մեկը, երբ անձնական տվյալները մշակվում են հանրամատչելի աղբյուրներից, այսինքն, օգտագործվում է այնպիսի տեսագրություն կամ մարդու այնպիսի պատկեր, որը հանրամատչելի աղբյուրում է, իսկ այդ աղբյուրը ստեղծված է նրա համար, որ այդպիսի տեսագրությունները այնտեղ լինեն, եւ մարդիկ դրանցից օգտվեն: Սա տեսականորեն: Սկզբունքորեն, օրենքը գործում է 2015 թվականից, եւ այդ ընթացքում  մենք այս երեւույթի հետ պրակտիկայում գրեթե չենք բախվել: Խոսքը հանրամատչելի տեսադարանի մասին է, որը մատչելի լինի բոլորին՝ ազատ օգտագործման համար: Այս հարցին  մի քիչ կանդրադառնանք այն առումով, թե ինչպես անհատներն օգտագործեն իրենց անձնական տեսագրությունները: Երբ խոսքը գնում է հանրային վայրերում, փողոցներում տեղադրված տեսախցիկների մասին, որպես կանոն, գործ ունենք մյուս երկու հիմքերի հետ: Օրինականության մյուս երկու հիմքերից մեկը հետեւյալն է՝ եթե անձնական տվյալի մշակումը նախատեսված է օրենքով, ապա դա արդեն համարվում է օրինական մշակում:  Այս դեպքերից են բոլոր այն տեսագրությունները, տեսախցիկների տեղադրումն ու տեսագրությունների օգտագործումը, որոնք իրականացվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Օրինակ, ՃՈ կողմից տեղադրված տեսախցիկները կարգավորված են այլ օրենքներով, նշված է տեսախցիկ տեղադրելու իրավական հիմքը, նպատակը, ինչպես եւ ինչ ծավալով կարող են օգտագործվել: Քանի որ այս տեսագրության իրականացումը նախատեսված է օրենքով, ուրեմն համապատասխանում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  օրենքի օրինականության սկզբունքին: Մյուս հիմքը դա մարդու համաձայնությունն է: Սա լինում է այն դեպքում, երբ թեկուզ մարդկանց համար ընդհանուր օգտագործման վայր կարող է լինել, բայց մասնավորինը, օրինակ, խանութները: Այս դեպքում տեսագրությունն իրականացվում է ոչ թե պետական մարմնի, այլ՝ մասնավորի կողմից: Սակայն այստեղ արդեն կա համաձայնության ստացման հիմքը, որը տեսագրության տեսահսկման դեպքում ունի առանձնահատկություն. օրինակ, ոչ թե պետք է ամեն հաճախորդից համաձայնություն հարցնել, այլ համաձայնությունը ստանալ այնպիսի հավաստի գործողությունների միջոցով, որոնք կվկայեն, որ այդ մարդիկ համաձայն էին տեսահսկվել: Օրինակ, եթե շատ տեսանելի վայրում կամ հենց խանութի դռան վրա տեղադրված է տեղեկություն տեսահսկման մասին՝ ով եւ ինչ նպատակով է տեսագրում, պահպանված են այդ մարդուն իր անձնական տվյալների մշակման մասին իրազեկելու կանոնները, եւ մարդը դա ակնհայտորեն տեսնելով, մտնում է տեսահսկման դաշտ, ապա նա չի առարկում, որ նկարագրված պայմաններով իր տեսագրությունն իրականացվի: Սա էլ տեսագրության երրորդ հիմքն է, որն ավելի բնորոշ է մասնավորի կողմից  տեսահսկման իրականացմանը: Պետական մարմնի դեպքում ավելի բնորոշ է օրենքով նախատեսված լինելը, մասնավորի դեպքում՝ համաձայնության ստացած լինելը:

 - Մասնավորի դեպքում, օրինակ, նույն այդ խանութներում շատ հաճախ տեսնում ենք՝  այստեղ տեսահսկում է իրականացվում, կամ տեսախցիկի պատկերը, բայց մանրամասնությամբ, թե ինչ նպատակով է օգտագործվում, ինչպես կարող են այդ տվյալները մշակվել, նման բաներ չկան: Արդյոք դրա՞նք էլ պետք է շատ տեսանելի վայրում լինեն: Այսինքն, ինչի՞ն եմ ես համաձայնություն տալիս՝ գիտեմ, որ տեսանկարահանվում է, եւ համաձա՞յն եմ: Բայց թե հետո ինչպես կօգտագործվի տվյալները, ես դրա մասին չեմ տեղեկանում:

- «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  օրենքը տեսանկարահանման համաձայնություն ստանալու նպատակով մարդուն ծանուցելու համար նախատեսում է մի շարք հիմքեր, որոնց մասին մարդը պետք է  տեղեկացված լինի: Դրանցից մեկն այն է, թե ինչ նպատակով է իրականացվում տեսագրությունը, ինչ պայմաններով է պահպանվելու, ինչպես կարող է օգտագործվել, ով է տեսահսկում իրականացնողը, ինչ ժամկետով է տեսագրությունն իրականացվում եւ այլն: Սա գրեթե համադրելի է տեսահսկման եւ իրականացման միջազգային փորձին, որի հիման վրա գործակալությունը 2016թ. մշակել եւ հրապարակել է Տեսահսկման ուղեցույց: Ուղեցույցը պարունակում է շատ լայն շրջանակով տեսահսկման ընդհանուր կանոնները՝ սկսած պետական եւ մասնավոր հաստատությունների  շենքերում տեսահսկման իրականացումից, վերջացրած հենց անձին բնակարանում կամ առանձնատանը անձի կողմից տեսահսկման իրականացման կանոններից: Միանշանակ կա նաեւ հանրային վայրերում տեսահսկման իրականացման կանոնները: Միջազգային լավագույն փորձը վկայում է, որ միայն տեսախցիկի պատկերը տեղադրելն այնքան էլ չի համապատասխանում համաձայնություն ստանալու կանոններին, թեեւ որոշ դեպքերում կարող է բավարար համարվել: Խնդիրն այն է, որ որոշ դեպքերում պայմանները կարող են տարբեր լինել: Օրինակ, եթե տեսահսկման տարածքը չափազանց մեծ է, իսկ տեսահսկման մասին ցուցանակը տեղադրվում է ընդամենը մի տեղ, ապա ակնհայտ չէ, որ ամբողջ տարածքն է տեսահսկվում, եւ չի կարելի ասել, որ մարդու համաձայնությունը ստացվել է: Համաձայնության ստացման երեւույթն ինքնին ունի ստացման չափանիշներ. միշտ չէ, որ մարդուն ուղղակի  տեղեկացնելը կամ ակնարկելը համարվում է համաձայնություն  ստանալ: Մարդու ամեն գործողությունը չէ, որ հավակնում է լինել համաձայնություն: Համաձայնությունը պետք է լինի կոնկրետ, այսինքն, մարդը պետք է իմանա, թե ինչին է  համաձայնություն տալիս, տվյալ դեպքում՝ տեսահսկմանը: Կամ եթե ինքը ե՜ւ տեսագրվում է, ե՜ւ խոսակցությունն է լսվում, ապա միանշանակ պետք է տա իր համաձայնությունը երկուսի համար էլ:  Երկրորդ. համաձայնությունը պետք է լինի ազատ. այսինքն, իր կամքի արտահայտումը պետք է լինի: Չափանիշ էլ կա, որ համաձայնությունը պետք է լինի գիտակցված, երբ մարդու գործողությունը հստակ համարվում է համաձայնություն, կասկածի տեղիք չի տալիս: Պատկերավոր ասեմ, մենք գլխի շարժումով եւ «հա»  ենք ասում, եւ՝ «չէ», բայց եթե մի քիչ ոչ բալանսավորված շարժենք գլուխը, դիմացինը կարող է չհասկանալ՝ «հա» էր,  թե՝ «չէ»: Համաձայնություն ստացողի համար այդ կասկածը չպետք է մնա, պետք է համաձայնության դրսեւորումը միանշանակ լինի, որ մարդը համաձայն էր, որ պետք է տեսահսկվի: Համաձայնության ստացման կանոններից եւս մեկը.  համաձայնությունն առկա է, եթե տեղեկացված համաձայնություն է, եթե մարդը գիտի, թե ինչին է համաձայնություն տալիս: Եթե տեսահսկումը բազմատարր է, այսինքն, եթե տեսահսկողը տեսագրությունն իրականացնում է, օրինակ, ոչ թե ուղիղ ռեժիմով, ընդամենը գույքի անվտանգությունը վերահսկելու համար, այլ տեսագրում եւ պահում է տեւական ժամանակ, կարող է համադրել այլ տվյալների հետ, ինքն իրեն իրավունք է վերապահում կամ գործունեության բնույթը ենթադրում է, որ կարող է դա տարածել, հաղորդակից դարձնել այլ անձանց, ապա այս դեպքում միայն ցուցանակ տեղադրելը դեռ բավական չէ: Էլ չեմ ասում, եթե տեսագրությունը հնարավորություն է տալիս տեսահսկողին այնպիսի որոշում կայացնել, որը կարող է առնչվել տեսահսկվողին, ասենք, տեսագրության հիման վրա որոշվի, որ տեսահսկվողին այսուհետ չեն վաճառելու այսինչ ապրանքը եւ այն: Եթե տեսահսկումը կարող է հանգեցնել որոշման կայացման, ապա այս դեպքում միայն ցուցատախտակի տեղադրումը բավական չէ, որովհետեւ այս դեպքում  (իմ հնարած դեպքում) չի կարելի պնդել, որ մարդը տեղեկացված էր, թե ինչին է համաձայնություն  տալիս: Միգուցե գիտեր, թե ընդամենը տեսագրվում է եւ չի էլ պահպանվում, որովհետեւ տեսագրվում է զուտ խանութում գողությունները կանխելու համար, բայց պարզվում է, որ տեսագրությունն ունի բազմաթիվ տարրեր ու տարբեր ձեւերով կարող է օգտագործվել. ենթադրենք, պարտադիր տրամադրվում է նաեւ իրավապահներին, ներբեռնվում է սոցցանցերում: Սրանք օրինակներ են, բայց եթե բազմատարր է, այդ մասին նույնպես մարդը պետք է տեղեկանալու հնարավորություն ունենա: Որոշ դեպքերում խորհուրդ է տրվում ցուցանակին նշել նաեւ նպատակը. օրինակ, տարածքը տեսահսկվում է անվտանգության նպատակով, կամ՝ խանութի գույքի ապահովության նպատակով տարածքը շուրջօրյա տեսահսկվում է: Ընդամենը  մեկ-երկու բառ ավելացնելով հնարավոր է ընդհանուր բնութագրերով տալ տեսահսկման նպատակն ու հիմքը: Լավագույն փորձից է բխում նաեւ այն, որ կան տեղեր, երբ ցուցատախտակը պարունակում է հետադարձ կապի միջոց, այսինքն, տեսահսկողն ով է, հարցերի դեպքում ինչպես կապվել նրա հետ, ինչպես մարդն ինքը  կարող է իրականացնել իր անձնական տվյալների մասին տեղեկություն ստանալու իրավունքը, որովհետեւ ամեն մարդ իրավունք ունի պարզել՝ արդյոք իր անձնական տվյալները մշակվո՞ւմ են, ի՞նչ տվյալներ, ի՞նչ ծավալով, ի՞նչ հիմքով եւ այլն: Հետեւաբար այսպիսի միջոցներով հնարավոր է ապահովել մարդու՝ տեղեկացված լինելու իրավունքի իրականացման կամ սահմանափակման, նաեւ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու հնարավորությունը: Եվ ավելի բարեխիղճ ու  միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնել տեսահսկումն ու տեսահսկման մասին իրազեկումը:

 - Օրինակ բերեմ, որի մասին դարձյալ կարդացել եմ մամուլում: Երբ այս կարմիր գծերը «Փարքինգ Սիթի Սերվիս»-ինն էր, մի դեպք կար, երբ որոշելու համար, թե որքան ժամանակ է կայանված եղել մեքենան, վերցվել էր ոչ թե իրենց շրջիկ մեքենայի տվյալները, այլ հարակից շենքի ինչ-որ խանութի կամ գրասենյակի անվտանգության համար տեղադրված տեսախցիկի տեսանյութը: Արդյոք սա օրենքի խախտում չէ՞: Եթե դա այդ տարածքի անվտանգության համար տեղադրված տեսախցիկ է, ապա ինչո՞ւ է այդ տվյալներն օգտագործվում բոլորովին այլ նպատակով:

- Առհասարակ անձնական տվյալների  պաշտպանության Ձեր հարցին համաչափության սկզբունքն է անդրադառնում, ինչն ասում է, որ անձնական տվյալները պետք է մշակվեն որոշակի եւ օրինական նպատակով, եւ առանց անձի համաձայնության կամ առանց օրենքով նախատեսված լինելու չեն կարող օգտագործվել այլ նպատակով: Այսինքն, նպատակի սահմանազանցումն ինքնին հանգեցնում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտմանը: Ձեր բերած օրինակն ինձ անծանոթ էր եւ մի փոքր էլ զարմանալի, որովհետեւ կարմիր գծերով կահավորված բոլոր վճարովի կայանատեղերն ապահովված եւ հագեցած են մշտական նկարող տեսախցիկներով:

- Դա գուցե հիմա, ես շատ ավելի վաղուցվա դեպք եմ ասում: Կարող ենք դրա փոխարեն ուրիշ օրինակ բերել: Բայց եթե կա այս նպատակի համար տեսախցիկ, ապա կարելի՞ է այդ  տվյալները վերցնել այլ նպատակի համար:

- Դա օրենքի խախտում է: Այս դեպքում պետք է իմանալ այն տեսահսկողի նպատակները, ով այդ տեղեկությունը տրամադրել էր: Մյուս կողմից պետք է նայել՝ այդ մարմինն իրավունք ունի՞ մասնավոր անձանցից՝ ֆիզիկական կամ իրավաբանական, պահանջելու եւ ստանալու տեղեկություններ: Ոստիկանությունն ունի այդ իրավունքը, մանավանդ, եթե դա արվում է քրեական գործի շրջանակներում:

- Անդրադառնանք նույն կայանատեղիներին: Տեսագրությունը վերաբերում է ինչ-որ խախտում կատարած ավտոմեքենայի, բայց այդ տեսանյութում կլինեն նաեւ դեպքի հետ կապ չունեցող այլ վարորդներ, հետիոտներ, հարակից շենքերի բնակիչներ եւ այլն. այստեղ նորից անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիրն է առաջ գալիս:

- Այս հարցի պատասխանը մենք տվեցինք մեր առաջին վարույթներից մեկով, երբ մեզ էր դիմել մի քաղաքացի եւ խնդրել պարզել, թե արդյոք իրավունք ունե՞ն իր իրավախախտումն ապացուցելու համար կարմիր գծերի տեսախցիկներով  15 րոպե անընդմեջ նկարել իր ավտոմեքենան: Մենք ուսումնասիրեցինք գործը եւ տեսանք, որ իրավունք ունեին, որովհետեւ տեխնիկական միջոցներով ձեռքբերված ապացույցները վարույթի ու իրավախախտման բացահայտման համար պատշաճ եւ թույլատրելի ապացույցներ էին: Հետեւաբար վարչական մարմինը, տվյալ դեպքում համայնքը՝ Երեւանը, կարող էր դա իրականացնել: Բայց մենք ընթացքում ուշադրություն դարձրեցինք, որ երբ քաղաքացու խախտումն ապացուցելու համար նրան ուղարկել էին տեսագրությունը՝ շատ որակով, խոշորացնելու (զում անելու) հնարավորությամբ, ինքը հնարավորություն էր ստացել 15 րոպե անընդմեջ տեսնելու ոչ միայն իր մեքենան, այլ նաեւ բոլոր հարակից մեքենաները, նրանց սրահները,  կողքի շենքերի 1-ին եւ 2-րդ հարկերը: Սա հաշվի առնելով գործակալությունը համարեց, որ խախտվել է անձնական տվյալների համաչափության սկզբունքները, որովհետեւ անձնական տվյալները մշակվել են ոչ պիտանի, անհրաժեշտ ու չափավոր ծավալով նպատակին հասնելու համար: Այդ տեսագրությունը տվյալ վարորդին փոխանցելու նպատակն այն էր, որ ապացուցվի հենց նրա կողմից իրավախախտման կատարումը: Այլ անձանց անձնական տվյալները այդ նպատակին չէին ծառայում,  նրան առհասարակ պետք չէր ցույց տալ, որ մեկ ուրիշ մարդ եւս այնտեղ 15 րոպե կանգնած է եղել: Գործակալությունը որոշում կայացրեց, որ չի կարելի վարչական ակտի հասցեատիրոջն  ուղարկել այդ ֆորմատով տեսագրությունը: Որոշման արդյունքում Երեւանի քաղաքապետարանն ու «Փարքինգ Սիթի Սերվիս»-ը մեզ տրամադրեցին վարչական ակտի հասցեատիրոջն ուղարկվող տեսագրության նոր տարբերակը, որտեղ արդեն որակն իջեցնելու միջոցով մնացած անձինք ապանձնավորվում են: Սրա օրինակը կա  նաեւ այլ ոլորտներում: Օրինակ, եթե ձեր մեքենան արագությունը գերազանցելու համար ՃՈ տեղադրած խցիկներով նկարվում է, ապա ձեզ ուղարկվող վարչական ակտի մեջ մեքենայի սրահի մասը սեւ քառակուսիով փակված է, որովհետեւ, ըստ օրենքի, այդ ժամանակ պատասխանատվությունը կրում է մեքենայի սեփականատերը, եւ կարիք չկա տեսնելու սրահում գտնվող այլ անձանց:

- Մենք խոստացանք անպայման խոսել նաեւ այն մասին, թե տեսանկարահանվող անձն ինչպես կարող է ստանալ իրեն վերաբերող տեղեկությունը: Կարծեմ գործակալության ուղեցույցով նաեւ դա է կարգավորվում. ի՞նչ իրավունք ունի տեսանկարահանվող սուբյեկտը եւ ինչպե՞ս գործադրի այդ իրավունքը՝ ստանալու համար իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ:

 -  Սա նույնպես բխում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  օրենքից: Ուղեցույցում արտացոլված է օրենքի կարգավորումները, իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  օրենքի 15-րդ հոդվածի համաձայն անձն իրավունք ունի ստանալ տեղեկություն իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Սա նշանակում է, որ կարող է տեղեկություն ստանալ
իրեն տեսահսկելու եղանակների, հիմքերի, նպատակների, տեսահսկվող տվյալների ցանկի, տեսագրությունը ձեռք բերելու աղբյուրների մասին: Նաեւ կարող է տեղեկություն ստանալ այն մասին, թե իր տեսագրությունն այլ անձանց կարո՞ղ է փոխանցվել, եւ եթե՝ այո, ապա ո՞ւմ, ի՞նչ պայմաններով եւ որ դեպքերում: Այսինքն, կարող է ստանալ ցանկացած տեղեկություն իր անձնական տվյալների մասին: Բնականաբար, տեղեկություն ստանալու ամենանախընտրելի ձեւը դա տեսահսկումն իրականացնողին ուղղված գրավոր հարցումն է, անկախ նրանից իրավաբանական անձ է, ֆիզիկական անձ, պետական մարմին, մասնավոր հիմնարկ, թե տեղական ինքնակառավարվող մարմին: Վերջինս պետք է 5-օրյա ժամկետում տրամադրի այդ տեղեկությունը: Ուղեցույցում արտացոլել ենք, որ տրամադրվող տեղեկությունը մի կողմից պետք է լինի հասանելի ձեւով տրամադրված, մյուս կողմից չպետք է պարունակի այլ սուբյեկտների անձնական տվյալներ, համաչափության սկզբունքը պետք է պահպանվի:

- Դիմումում պե՞տք է նշվի որեւէ հիմք՝ տեղեկությունն ստանալու անհրաժեշտության մասին:

- Ոչ: Մարդը կարող է տեղեկանալ ոչ միայն անձնական տվյալների մշակման պայմանների, անգամ՝ մշակման փաստի մասին: Այսինքն, կարող է եւ հարցնել՝ ինչպե՞ս ես տեսահսկում, ի՞նչ ժամկետով ես պահելու, ո՞ւմ կարող ես փոխանցել: Անգամ կարող է հարցնել՝ տեսահսկո՞ւմ ես առհասարակ, կամ՝ ձայնագրո՞ւմ ես նաեւ:

- Եթե ես հիմա փորձեմ քաղաքով մի 20 մետր իջնել,  մի քանի տեղերում տեսախցիկների կհանդիպեմ: Եթե հարցում ուղարկեմ, ասենք, ինչ-որ բանկի տնօրինությանը, ինձ չե՞ն պատասխանի, որ դա իրենց սեփական տարածքն է, իրենց մասնավոր սեփականությունը, եւ կարող են անել ինչ ուզում են:

- Եթե ձեզ տեսահսկել են՝ ոչ, որովհետեւ իրենք իրենց գույքի անվտանգության, գուցե նաեւ ինչ-որ խախտումների կանխման կամ ապահովության նպատակով միջամտում են ձեր անձնական կյանքին: Հետեւաբար  պետք է ստանձնել նաեւ որոշակի պարտականություններ: Օրենքով սահմանված այդ պարտականություններից մեկն էլ անձնական տվյալների սուբյեկտին, տվյալ դեպքում՝ տեսահսկվողին, իր անձնական տվյալների մասին տեղեկություն ստանալու իրավունք ապահովելն է:

- Այսինքն, եթե այդ 5-օրյա ժամկետում ինձ չտրամադրեն ամբողջ տեղեկությունը, ապա երկրորդ քայլս ո՞րն է, ես ո՞ւր կարող եմ դիմել:

- Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

- Ինձ համար մի հարց էլ բաց մնաց՝ համաձայնություն տալ-չտալու: Մենք հիմա այստեղից դուրս գանք եւ միասին քայլենք: Եթե ես համաձայն չեմ, որ ինձ տեսանկարահանեն, բայց այլընտրանքային ճանապարհներ էլ չունեմ քայլելու, ինչպե՞ս ճանապարհ գտնել՝ շրջանցելու համար մեծ թվով տեսախցիկները:

- Անձնական տվյալների պաշպանության իրավունքը բացարձակ իրավունք չէ: Ինքը հավասարակշռվում, երբեմն զիջվում է այլ իրավունքների կամ պարտականությունների իրականացման համար: Որոշ դեպքերում  մարդիկ դա անում են  ինքնակամ: Օրինակ, մարդն ինչ-որ առավելություն ստանալու համար ներկայացնում է իր մասին բավականին լայն շրջանակի: Ասենք, եթե ես որոշեմ ձեր ռադիոյում աշխատանքի անցնել, ապա ես աշխատելու եմ իմ կյանքի այն բոլոր մանրամասները, որոնք ինձ լավ լույսի ներքո են ներկայացնում, հնարավորինս լայն ձեզ ներկայացնեմ, որպեսզի առավել մեծ շանսեր ունենամ ձեզ մոտ աշխատանքի անցնելու: Ես ինքնակամ իմ անձնական կյանքի կամ տվյալների ինչ-որ դրվագներ զոհում եմ նրա համար, որպեսզի ստանամ ինձ համար ավելի հարմար կամ հաճելի հնարավորություն, իրավունք եւ այլն: Մյուս տարբերակն այն է, երբ մարդ իր անձնական տվյալները զիջում է օրենքի հիման վրա, չէ՞ որ ի դեմս ԱԺ-ի՝ օրենքն ընդունվում է հասարակության անունից, որոնք համակեցության պարտադիր կանոններ են սահմանում: Դրանք նույնպես իրավունքների եւ ինչ-որ այլ շահի սպասարկման համար են: Օրինակ, օրենքներով կարգավորված են ծերության կենսաթոշակ ստանալու իրավահարաբերությունները: Որպեսզի պետությունը ամբողջ հասարակության անունից կարողանա հոգ տանել ծերության կենսաթոշակ ստացողների մասին, ապահովել նրանց համար արդար եւ ճիշտ չափով թոշակ, սահմանել է, որ մարդիկ այդ իրավունքից օգտվելու համար իրենց անձնական կյանքի ինչ-որ տվյալներ տրամադրեն: Դրա համար մարդիկ ներկայացնում են իրենց աշխատանքային փորձի, ստաժի վերաբերյալ տեղեկանքներ. սրանք նույնպես անձնական կյանքի դրվագներ են եւ պարունակում են անձնական տվյալներ: Նույնը վերաբերում է նաեւ հաշմանդամության թոշակ ստանալուն. չէ՞ որ մարդը ստիպված է լինում իր առողջական վիճակի մասին տեղեկություններ տրամադրել այլ,  թեկուզ՝ պետական մարմնի, որպեսզի նրանք կարողանան այդ տեղեկության հիման վրա նրան տրամադրել գույք, դրամական օգնություն կամ պետության կողմից սահմանված պարբերաբար վճարվող թոշակ եւ այլն: Սա նույնպես օրինակ է, որը համակցության մեջ սահմանված է եւ օրենքով, եւ մարդը նաեւ ունի որոշակիորեն էլի հայեցողություն. եթե տվյալը տվեց՝ օրենքի ուժով դրա դիմաց կստանա ինչ-որ ծառայություն կամ իրավունք, չտվեց՝ չի ստանա: Կա նաեւ երրորդ տարբերակ, երբ հասարակության շահը մեծ է. այս դեպքում անձնական տվյալի այս կամ այն դրվագն օրենքի ուժով է պարտադիր զոհվում: Կամ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքում մեքենան կամ անձանց տեսահսկելը. այստեղ կա զանցանքի բացահայտման հասարակական շահը, քանի որ զանցանքը, թեկուզ  նվազ, բայց հանրային վտանգավոր արարք է եւ պետք է բացահայտվի, եւ զանցանք կատարածը պետք է պատժվի: Այս դեպքում որեւէ կերպ զանցանք կատարողի՝ ճանապարհային երթեւեկության կանոնները, արագությունը խախտած մեքենայի սեփականատիրոջ համաձայնությունը չեն հարցնում. օրենքի ուժով արդեն հասարակությունը որոշել է, որ այս անձնական տվյալը պետք է զիջվի, որպեսզի ավելի մեծ հասարակական շահ ապահովվի: Սա կարող է վերաբերվել նաեւ հասարակության քրեաիրավական շահին, երբ հանցագործությունների բացահայտման նպատակով իրավապահ մարմիններն իրավունք են ստանում տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ տեսա եւ լուսանկարահանող սարքերով, ձեռք բերել ապացույցներ, անձական տվյալների համադրմամբ բացահայտել մարդկանց: Շատ երկրներում կա ԴՆԹ բազա,  ըստ էության, մարդու ֆիզիկական, ֆիզիոլոգիական ու կենսաբանական առանձնահատկությունը բնութագրող կենսաչափական անձնական տվյալ է: Բայց ծանր կամ առանձնապես ծանր կարգի հանցագործությունների դեպքում այդ բազաները, կամ մարդու մատնահետքը, պարտադիր, օրենքի ուժով՝ առանց մարդուն հարցնելու, վերցնում են, որովհետեւ օրենքի մակարդակում ամբողջ հասարակությունն է եկել այդ համաձայնության: Այս տարբերակն իրականում կա: Հետեւաբար, եթե մենք էլի դուրս գանք, ամեն քայլափոխին մեզ նկարեն, ու մենք չունենանք այլընտրանք, պետք է նախ եւ առաջ պարզենք՝ իրականում չունեի՞նք այլընտրանք եւ ինչո՞ւ. որովհետեւ շատ ավելի մեծ հասարակական շահ էր պաշտպանվո՞ւմ, թե՞ մենք ինքներս չէինք ուզում ունենալ այդ այլընտրանքը, որպեսզի կարողանանք ինչ-որ ծառայությունից օգտվել, թե՞ իրականում ունեինք այլընտրանք, ուղղակի ալարեցինք գնալ կողքի փողոցով, որը չէր տեսագրվում:

- Բոլորովին վերջերս համացանցում տարածվեց մի կնոջ տեսագրություն, ով իրականում խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները, եւ ոստիկանները նյութն ամբողջությամբ հրապարակել էին: Հասկանում եմ, որ այստեղ վիճելի կետեր կան. մենք գիտենք, որ իրենք տեսագրում են, ի սկզբանե այդ համաձայնությունը կարծես թե տվել ենք, բայց արդյոք ոստիկանությունն իրավունք ունի՞ հրապարակելու յուրաքանչյուր քաղաքացու օրենքի խախտման գործընթացն ու ոստիկանության աշխատակիցների հետ խոսակցությունները:

- Չեմ կարող իրավական գնահատական տալ, որովհետեւ մենք այդ գործը չենք քննել, թեւ գործակալությունն արդեն երեւույթին ծանոթ է եւ ուշադրության կենտրոնում է պահում: Բայց այնքանով, որքանով անձնական տվյալների պաշտպանությունը հիմնված է տնօրինչականության սկզբունքի վրա, այսինքն՝ անձնական տվյալների սուբյեկտը, ում իրավունքի ենթադրյալ խախտման մասին խոսում ենք, դեռ չի առարկել, գործակալությունն ինքը սահմանազանցած կլինի իր լիազորությունները, եթե սկսի ինչ-որ իրավական գնահատականներ տալ: Մենք օգտվում ենք վարչական վարույթի գործիքից, մեզ մոտ այդպիսի գործիք կա, որպեսզի իրավաչափությունը պարզենք, որովհետեւ մենք վարչական մարմին ենք: Առանց այդ ընթացակարգն անցնելու, առանց իրավաչափությունը պարզելու գործակալությունը չի կարող որոշում կայացնել, հետեւաբար եւ՝  իրավաչափությունը գնահատել, որովհետեւ իրավաչափությունը գնահատում է որոշումը: Առնվազն անհրաժեշտ է, որ հարցի վերաբերյալ որեւէ վարույթ սկսվի եւ ավարտվի որոշմամբ, որով կարտահայտվի գործակալության դիրքորոշումը:

- Դրա հակառակն էլ կա, այսինքն, քաղաքացիներն են ոստիկանության աշխատակիցներին տեսագրում եւ տեղադրում համացանցում:

- Ընդհանուր կանոններ էլ կան. եթե համաձայնությամբ է, կամ օրենքով է նախատեսված, կամ, եթե հանրամատչելի աղբյուրից են օգտվել: Թե դրանցից ո՞ր մեկն է եղել, դեռ չենք քննել:

 - Շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Շատ ծավալուն թեմա է, եւ կարծում եմ մեկ անգամ եւս կանդրադառնանք: Այսքանն էր այս թողարկման համար հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ: Հիշեցնեմ, որ դուք լսում էիք  «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Այսօր տաղավարում ես հյուրընկալել էի արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանին: Ես Սաթեն Միքայելյանն եմ: Կհանդիպենք: